Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կլինիկական ախտորոշումների առնվազն 80 %-ը սահմանվում և հաստատվում է ճառագայթային ախտորոշման մեթոդների միջոցով
Ժամանակակից բժշկությունը անհնար է պատկերացնել առանց որակյալ ախտորոշման, որի մեջ առանցքային դեր է խաղում ճառագայթային (ռադիոլոգիական) ախտորոշումը։ Չնայած դարասկզբին ձևավորված լինելուն, ախտորոշման այս ոլորտը հակված էր արագ զարգացման՝ դառնալով բժշկական գիտության և կլինիկական պրակտիկայի անբաժանելի տարր։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ այսօր ռադիոլոգիան հանդիսանում է բժշկության տեխնոլոգիապես ամենահագեցած, ամենաարագ զարգացող և առավել պահանջված մասնագիտություններից մեկը։
Հետազոտությունների տվյալների համաձայն՝ կլինիկական ախտորոշումների առնվազն 80 %-ը սահմանվում և հաստատվում է ճառագայթային ախտորոշման մեթոդների միջոցով։ Այս պատճառով ռադիոլոգները հանդիսանում են առավել պահանջված մասնագետներ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատություններում։
Ներկայումս բազմաթիվ երկրներ բախվում են ռադիոլոգների խիստ պակասի խնդրին։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ճառագայթային ախտորոշման բաժինների ղեկավարների 75%-ը նշում է մասնագետների անբավարար քանակի մասին։
Վերջին տասնամյակներին ռադիոլոգիական ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.
• բնակչության ծերացում և քրոնիկական հիվանդությունների տարածվածության աճ
• զանգվածային սկրինինգային ծրագրերի ներդրում
• պատկերավորման տեխնոլոգիաների արագ զարգացում
• ռադիոլոգիական մեթոդների կիրառման ոլորտի ընդլայնում։
Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային ախտորոշումը ըստ կլինիկական օրդինատորների մասնագիտական նախասիրությունների զբաղեցնում է առաջին տեղը։ ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնը բժիշկ ռադիոլոգների պատրաստման միակ կենտրոնն է հանրապետությունում։ «Ճառագայթային ախտորոշում» մասնագիտությամբ 2 տարվա ընթացքում կլինիկական օրդինատուրա է անցնում միջինում շուրջ 160 օրդինատոր։ Ընդ որում, հատկանշական է, որ վերջին տարիներին ամբիոնում կլինիկական օրդինատուրա են անցնում նաև այլ մասնագիտություններով բժիշկներ՝ որպես երկրորդ օրդինատուրա։
Ռադիոլոգիան, իր համընդհանուր բնույթով, դարձել է բժշկագիտության գրեթե բոլոր բնագավառների կարևորագույն բաղադրիչ: Պատկերավերլուծական մեթոդները կարևոր գործիք են դարձել ինչպես ուռուցքաբանական, այնպես էլ սիրտանոթային, նյարդաբանական և մի շարք այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման, բուժման դինամիկայի մոնիտորինգի և թերապևտիկ միջամտությունների արդյունավետության գնահատման համար։
Ճառագայթային ախտորոշումը ներկայացնում է ախտորոշիչ մեթոդների համակարգ, որոնք թույլ են տալիս օրգանիզմի անատոմիական ամբողջականությունը չխախտելու պայմաններում ստանալ արժեքավոր տեղեկություններ օրգանների տեղադրության, մորֆոլոգիական կառուցվածքի և ֆունկցիոնալ վիճակի մասին։
Ներկայումս կլինիկական պրակտիկայում կիրառվող ճառագայթային ախտորոշման մեթոդները բաժանվում են չորս հիմնական խմբերի.
Ռենտգենյան ախտորոշման մեթոդներ՝
• ստանդարտ ռենտգենագրություն,
• ֆլյուրոգրաֆիա,
• համակարգչային շերտագրություն (ՀՇ),
• կոնուսային ճառագայթային համակարգչային շերտագրություն,
• օրթոպանտոմոգրաֆիա,
• մամոգրաֆիա,
• արթրոգրաֆիա,
• անգիոգրաֆիա։
Ուլտրաձայնային ախտորոշման մեթոդներ՝
• բազմաչափ ուլտրաձայնային սկանավորում,
• էխոկարդիոգրաֆիա,
• դոփլերոգրաֆիա,
• դուպլեքս սկանավորում,
• նյարդերի ուլտրաձայնային պատկերավորում։
Մագնիսառեզոնանսային շերտագրության մեթոդներ՝
• բարձր հզորության մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)
• ֆունկցիոնալ ՄՌՇ
• դիֆուզիոն-կշռված պատկերում
• ՄՌ սպեկտրոսկոպիա
• ՄՌ անգիոգրաֆիա
• պերֆուզիոն ՄՌՇ
Միջուկային բժշկության մեթոդներ՝
• ստատիկ և դինամիկ սցինտիգրաֆիա
• պոզիտրոնային էմիսիոն շերտագրություն, ՊԷՇ (Positron Emission Tomography, PET),
• Միաֆոտոնային էմուլսիոն համակարգչային շերտագրություն (Single-photon Emission Computed Tomography, SPECT),
• ռադիոիմունային անալիզ։
Նշված մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր հստակ ցուցումները, հիմնված ախտաբանական գործընթացի բնույթի, անատոմիական տեղակայման և ախտորոշման ճշգրտության պահանջների վրա։
Վերջին տասնամյակում առավել տարածված է դարձել բազմամոդալ ախտորոշման մոտեցումը, որը համատեղում է տարբեր մեթոդների առավելությունները՝ բարձրացնելով ախտորոշման ճշգրտությունը։
Արդիական է նաև ինտերվենցիոն ռադիոլոգիայի դերը, որի մեթոդները հնարավորություն են տալիս նվազեցնել հիվանդի վերականգնման ժամանակը, նվազեցնել բարդությունների ռիսկը և բարելավել բուժման արդյունավետությունը։
Ճառագայթային ախտորոշման ոլորտում վերջին տարիներին նկատվող որակական փոփոխությունները հիմնականում պայմանավորված են թվային տեխնոլոգիաների արագ զարգացմամբ և կլինիկական պրակտիկայում դրանց ակտիվ ներդրմամբ։ Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ալգորիթմների կիրառումը ռադիոլոգիայում հանգեցրել է ախտորոշիչ պատկերների մեկնաբանման գործընթացի էական օպտիմիզացման՝ հնարավորություն ընձեռելով հայտնաբերելու նույնիսկ սուբմիլիմետրային ախտաբանական փոփոխություններ, որոնք մարդու աչքի համար կարող են աննկատ մնալ։ Այս առաջընթացը հատկապես արժեքավոր է ուռուցքաբանության, նյարդառադիոլոգիայի և կարդիովասկուլյար հետազոտությունների դեպքում, որտեղ ժամանակին ախտորոշումը կարող է կրիտիկական նշանակություն ունենալ հիվանդի առողջության համար։
Սակայն կարևոր է ընդգծել, որ արհեստական բանականության համակարգերը հանդես են գալիս ոչ թե որպես ռադիոլոգների փոխարինող, այլ որպես դրանց աշխատանքը հեշտացնող և բարելավող օժանդակ գործիք։ Այս տեխնոլոգիաները կատարում են տվյալների նախնական սքրինինգ և ախտահարումների քանակական գնահատում, սակայն վերջնական ախտորոշումը մնում է մասնագետի իրավասության տակ։ Նման սիներգետիկ մոտեցումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել հետազոտության ժամանակը, նվազեցնել մարդկային գործոնի հետ կապված սխալների հավանականությունը և միաժամանակ բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը։
Ինչո՞ւ են ուսանողները որպես մասնագիտություն ընտրում ճառագայթային ախտորոշումը։
Աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Եվրոպա, Սաուդյան Արաբիա) իրականացված հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ ռադիոլոգիան որպես մասնագիտություն ընտրող ուսանողների համար հիմնական մոտիվացիոն գործոններն են՝
• մասնագիտական գործունեության ինտելեկտուալ բարձր մակարդակը
• կլինիկական պրակտիկայում դեպքերի բազմապլանայնությունը
• աշխատանքային գրաֆիկի ճկունությունը
• աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռվածությունը
• մրցունակ վարձատրությունը
• աշխատանքի համար հարմարավետ պայմանները
• աշխատանքի բարձր նշանակությունը և բուժման արդյունքների վրա ազդեցությունը,
• մասնագիտական կարիերայի շարունակական զարգացման հեռանկարները։
Սակայն, ինչպես ցանկացած բժշկական մասնագիտություն, ռադիոլոգիան ունի իր վտանգները և դժվարությունները.
• իոնիզացնող ճառագայթման պոտենցիալ ազդեցություն
• բարձր հոգեբանական լարվածություն
• տեսողական անալիզատորի գերբեռնվածություն
• մասնագիտական շարունակական կատարելագործման պահանջ: